Թե ինչպես ես անզգուշաբար կործանեցի ԽՍՀՄ-ը
10.01.2020 | 00:50
Եթե քննարկման առարկա դարձնենք հայկական արտադրության տրանզիստորներում մոլիբդենի բացակայության խնդիրը, ապա կարող ենք այսպիսի պատասխանատու եզրահանգման գալ. աշխարհում հզորագույնը համարվող խորհրդային կայսրությունը ձեռքից բաց էր թողել զարգանալու, մյուս երկրների կողքին համաքայլ առաջ շարժվելու իր նյութական հնարավորությունները, նրա գոյությունը մազից էր կախված, եթե հաշվի առնենք, որ ռազմական տեխնիկայի համար կարևոր էլեմենտներ ստեղծելու խնդիրը մնացել էր կիսագրագետ ու գործից անտեղյակ մարդկանց հույսին: Տվյալ դեպքում նախագծողների մասնագիտական մակարդակը բավարար չէր եղել, որպեսզի հաշվի առնվեր մոլիբդեն-պղնձ զույգի մեխանիկական անհամատեղելիության, մոլիբդեն-սիլիցիում ջերմային բացառիկ համատեղելիության և սիլիցիում-պղինձ ջերմային բացարձակ անհամատեղելիության իրողությունը: Ի՞նչն էր պատճառը, որ մոլիբդենային անցումային էլեմենտները դուրս էին մնացել Երևանի «Տրանզիստոր» ԳԱՄ-ի մասնագետների ու ղեկավարների հաշվարկներից, դա արվել էր պատահաբա՞ր, անգիտակցաբա՞ր, թե՞ երկրի անվտանգությանը վնաս հասցնելու միտումով կամ հատուկ հանձնառությամբ: Այստեղ կարող ենք մի շարք պատճառներ դիտարկել: Նախ, մասնագետները կարող էին խուսափել մոլիբդենի կիրառումից՝ ելնելով այդ մետաղի մշակման տեխնոլոգիական բարդություններից, մոլիբդենի տափօղակի (шайба) պատրաստումը հատուկ տեխնոլոգիաների կիրառություն է պահանջում, որը ԽՍՀՄ-ում հիմնովին մշակված էր էլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններում՝ փոքր հզորությամբ (մինչև 10-ամպերանոց) տրանզիստորների համար, ավելի հզոր տրանզիստորների արտադրության գործը տրված էր ԽՍՀՄ էլեկտրատեխնիկական արդյունաբերության նախարարության տնօրինությանը, որն այդ հարցում պրոֆիլային չէր համարվում:
Մեծ հզորությամբ տրանզիստորների նախագծման ժամանակ պետք էր ճշգրիտ հաշվարկներ կատարել, որոնց համար հատուկ գիտելիքներ ու մանրակրկիտ փորձնական հետազոտություններ էին պահանջվում, ինչը նախագծողների մտքով, հավանաբար, չէր անցել, պետք էր մտածել նաև դրանց պատրաստման հատուկ տեխնոլոգիաներ ստեղծելու և մասսայական արտադրությունը կազմակերպելու մասին: Սրանք, բնականաբար, ավելի դժվարին ու գլխացավանք խնդիրներ էին՝ բուն տրանզիստորների արտադրությունից առավել:
1970-80-ականներին ԽՍՀՄ-ում հաստավել էր նախարարությունների միջև պարտականությունների այդպիսի արհեստական ու անհեթեթ բաժանում, որը հնարավոր էր բացատրել միայն՝ ելնելով կոմունիստական գաղափարախոսությանը հատուկ դոգմաներից ու կուսակցության ղեկավար դերի բացարձակ ֆետիշացումով: Բրեժնևի ժամանակ այդ բացառիկ դերը տարածված էր նաև էլեկտրոնային արդյունաբերության ու արդյունաբերության մյուս կարևոր ոլորտների վրա, ԽՄԿԿ-ին էր պատկանում նոր տեխնոլոգիաների ներդրման, ռազմական արդյունաբերության համար էլեմենտային բազայի ստեղծման խիստ մասնագիտական գործառույթների իրականացման առաքելությունը: Որպես կանոն, դրանք արվում էին ձեռնարկությունների կուսկոմների միջոցով, որոնց և, ցանկացած իրավիճակում, պատկանում էր վերջին ու վճռական խոսքի իրավունքը: Գիտնականները, գյուտարարները, պրոֆեսիոնալ մասնագետները սովորաբար հեռու էին պահվում արտադրության կազմակերպչական ու կառավարչական գործերից, իրենց տեխնիկատեխնոլոգիական որոշումներին որոշակի գիտականաձև տալու համար հեշտացվել էր գիտական կոչումներ շնորհելու գործը՝ կուսակցական ու ղեկավար այրերի համար, սրա մասին կխոսենք հետագայում:
Ավելի հզոր տրանզիստորները, բնականաբար, պետք է ունենային սիլիցիումային բյուրեղների ավելի մեծ չափեր և մոլիբդենից պատրաստված ջերմային կոմպենսատորներ՝ որոշակի երկրաչափական ձևի, հաստության ու մակերեսի: Երևանի «Տրանզիստոր» ԳԱՄ-ի սիրողական մակարդակի ղեկավարները նպատակահարմար չէին գտել մոլիբդենային տափօղակների կիրառումը: Այդպիսի երևույթները ԽՍՀՄ-ում սովորական էին դարձել, հանդիպում էին ամենուր, սխալների դեպքում տնտեսական ղեկավարները չէին պատժվում, ինչպես դրանք տեղի էին ունենում Ստալինի օրոք: «Տրանզիստոր» ԳԱՄ-ի ղեկավարները, իրենց թույլ տված կոպիտ կամ հատուկ դիտավորությամբ կատարած սխալների համար, անխուսափելիորեն կկանգնեին ռազմական տրիբունալի առաջ ու կգնդակահարվեին, իսկ ընտանիքները կաքսորվեին Սիբիր: Ստալինի ու Բերիայի ժամանակ պետական պատասխանատու աշխատանքներ կատարողների համար երկու հնարավորություն կար. աշխատել խղճի թելադրանքով կամ վախի զգացումով: Բրեժնևի տարիներին ԽՍՀՄ-ում ոչ մեկը կար և ոչ էլ մյուսը: Անպատասխանատվությունը և անպատժելիությունը դրվել էին բրեժնևյան արտադրական հարաբերությունների հիմքում, որոնց անմիջական ազդեցության տակ, արդյունաբերության փոխարեն, կարող էին զարգանալ միայն կոռուպցիան ու կաշառակերությունը, որոնք, մեծ թափ հավաքելով, ախտահարել էին խորհրդային կյանքի բոլոր բնագավառները, թափանցել էին գիտության ու տեխնիկայի այնպիսի կարևոր ոլորտները, ինչպիսիք էին էլեկտրոնային արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերության մյուս ոլորտներն ու բանակը: Ամեն ինչ արվում էր վատագույն տարբերակներով:
Տրանզիստորների պարագայում միայն մոլիբդենային տափօղակների հարցը չէր, այստեղ այլ, առավել վտանգավոր բացթողումներ կային: Մասնավորապես, ռազմական նշանակություն ունեցող բոլոր տիպի էլեկհտրոնային սարքերը պարտադիր պետք է անցնեին փորձարկումների հաստատված ցիկլը՝ համաձայն գործող ռազմական ստանդարտների (120 կետից բաղկացած), 80-ական թվականներին այդ պահանջները ավելի խստացվեցին, երբ զինվորականների կողմից պահանջ դրվեց, որ բոլոր նոր և մոդեռնիզացվող էլեկտրոնային սարքերը պարտադիր կարգով պետք է անցնեին, այսպես կոչված, տիպային փորձարկումների ցիկլը: Օրինակ, եթե ինչ-ինչ պատճառներով փոխվել էր կիսահաղորդչային սարքի կորպուսի ներկի գույնը կամ որոշվել սարքերի կորպուսները ներկել այլ երանգներով, ապա դրանք պետք է անցնեին փորձարկումների ողջ ցիկլը՝ սկզբից մինչև վերջ: Նման փորձարկումներ անցկացնելու համար 8 տարի էր պահանջվում, եթե հաշվի առնենք նաև պահեստում պահվելու տարիները: Աշխարհում արագ տեմպերով զարգացող էլեկտրոնային արդյունաբերության պայմաններում սրանք ավելորդ կոնսերվատիզմ ու բացառիկ բյուրոկրատական միջամտություններ էին, որոնք գալիս էին ռազմական էլեկտրոնիկայի ցածր հուսալիությունից հոգնած ու տառապած զինվորականությունից՝ իրենց կրեմլյան ղեկավարության ճնշմանը ինչ-որ ձևով դիմակայելու համար: Չեմ բացառում, որ մոլիբդենի տափօղակներից հրաժարվելը պատշաճ ձևով գնահատված կլիներ ՍՄԿԿ-ի կողմից՝ այն ընդունվելով որպես թանկարժեք նյութի խնայողություն և բրեժնևյան «эканомика должна быть экономной» հայտնի կարգախոսի ճշմարտության հերթական վավերացում: Ավելի հակված եմ այն մտքին, որ տեխնոլոգիական մոլիբդենը ստացվել ու վաճառքի էր հանվել՝ որպես ֆոնդերով ձեռք բերվող և միջազգային «սև» շուկայում մեծ պահանջարկ ունեցող ստրատեգիական նյութ, որը շահավետ ձևով կարող էր վաճառվել արտասահմանյան գնորդներին: Երկրորդ, կոնստրուկտիվ ու տեխնոլոգիական սխալներ ունեցող տրանզիստորները երբեք չէին կարող քննություն բռնել ու հաջողությամբ անցնել գործարանային փորձարկումների պարտադիր ցիկլը: Անորակ արտադրանքի առաքումը նշանակում էր, որ Երևանի «Տրանզիստոր» ԳԱՄ-ում տրանզիստորների փորձարկումները ուղղակիորեն չէին անցկացվել կամ փորձարկումների բացասական արդյունքները միտումնավոր թաքցվել էին՝ հանցավոր համաձայնության գալով «военпред»-ների հետ, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց զինվորական ներկայացուցիչների հետ «արիշ-վերիշների» ու խոշոր կաշառքների: Ինչևիցե, Երևանի արտադրության խոտան տրանզիստորների դիագնոստիկան ցույց տվեց, որ նման դեպքերում նախկինի նման ներել ու հանդուրժել չի կարելի: Սովորաբար, դիագնոստիկական հետազոտությունների արդյունքները ներկայացնում էինք արտադրող գործարաններին՝ կից տալով արտադրության մեջ թերությունները վերացնելուն ուղղված մասնագիտական օգտակար ու ուղղորդող խորհուրդներ, թե` այստեղ ոսկին է բացակայում, ոսկին գողանալ չի կարելի, այնտեղ մոլիբդենը չկա, պետք է լիներ և այլն, և այլն: Ամեն տարի Արտաշատում անց էինք կացնում միութենական սիմպոզիումներ, որտեղ քննարկվում էին ռադիոբաղադրիչների հուսալիության բարձրացման ձևերն ու մեթոդները, տեղի էր ունենում փորձի փոխանակում, մշակվում էին համատեղ աշխատանքներ կատարելու պլաններ: Երևանի «Տրանզիստոր» ԳԱՄ-ի դեպքն այնքան արտառոց էր, որ ստիպված էինք փոխել մեր մոտեցումները, տվյալ պարագայում տեխնիկական խնդիրներ չկային, այստեղ մարդկային գործոնն էր աշխատում՝ հանցագործության կամ պետական դավաճանության հատկանիշներով, մեր խորհուրդներն այստեղ բոլորովին պետք չէին, բավական էր լավատեսություն ցուցաբերել ու վարդագույն ակնոցներով նայել իրականությանը, պետք է հանցագործության դեմն առնել, մասնավորապես, դիմելով բանակի ներկայացուցչության օգնությանը:
Միանգամայն ակնհայտ էր, որ այսպիսի միտումնավոր կամ չգիտակցված «սխալների» պատճառով էլեկտրոնային սարքերի հուսալիությունը մի օր հասնելու է զրոյական մակարդակի, որ դրանց հիման վրա ստեղծված սարքերը, այդ թվում ժամանակակից զինատեսակները, չէին կարողանալու կատարել իրենց աշխատանքային ֆունկցիաները, երկիրը կքայքայվի ու պարզապես կքանդվի, որովհետև ժամանակակից աշխարհում գերտերությունները, առանց հուսալի էլեկտրոնիկայի, գոյատևել չեն կարող: Ինձ մոտ ռազմական տեխնիկայում օգտագործվող ռադիոբաղադրիչների հուսալիության վերաբերյալ այնպիսի ինֆորմացիա էր կուտակվել, որն անգամ Գորբաչովը չէր կարող ունենալ, մաթեմատիկական բանաձևերով հաշվարկել ու հաստատել էի խորհրդային ռազմական տեխնիկայի, այդ թվում հրթիռների, արբանյակների, ղեկավարող սարքերի և այլնի հնարավոր աղետալի վիճակն ու աշխատելու անկարողությունը: Գորբաչովի շրջապատը, չունենալով իմ ունեցած հավաստի տեխնիկական տվյալները, կարող էր միայն տեղեկացվել կարևոր օբեկտներում տեղի ունեցած հերթական «ՉՊ»-ների մասին, բայց չհասկանալ դրանց առաջացման բուն պատճառները, ինչը կարող էր ԽՍՀՄ ղեկավարների մեջ խուճապի զգացում առաջացնել:
Հիշենք Գորբաչովի հետևյալ խոսքերը. «Ամերիկյան թևավոր հրթիռներից պաշտպանվելու միջոցներ մենք չունենք»: Տեսականորեն դրա պատճառը մեկն էր` խորհրդային երկրի ղեկին կանգնած չինովնիկության մեջ մեռել էր պետության հանդեպ պատասխանատվության զգացումը, փոխարենը առաջին պլան էին մղվել այնպիսի բացասական երևույթները, որոնք անմիջականորեն կապված էին մարդկանց ագահության, անկշտության, անհագության, իշխանության ծարավի և նախանձի հետ: Նման պայմանները պրոֆեսիոնալ մասնագետների, գիտնականների, ինժեներների կամ որակյալ բանվորների համար չէին, նրանցից ԽՍՀՄ զարգացման համար ինչ-ինչ հուսադրող արդյունքներ սպասելը ուղղակի մոլորություն կլիներ, երկիրը պետք է կործանվեր: Ավելին, նման անհուսալի ռազմական տեխնիկա ունեցող երկիրը կարող էր ներքաշվել ատոմային պատերազմի մեջ ու, համաձայն Վիկտոր Համբարձումյանի մաթեմատիկական հաշվարկների, երկիրը դուրս բերել իր ուղեծրից՝ մոտեցնելով կամ հեռու տանելով Արևից, որը կլիներ համայն մարդկության վերջը:
Ատոմային պատերազմի թեմաներով ես իմ սեփական հաշվարկներն էի արել՝ ելնելով խորհրդային էլեկտրոնային սարքերի օրեցօր նվազող հուսալիության փաստից. հնարավոր ատոմային պատերազմի դեպքում խորհրդային ատոմային ռումբերի կեսը պայթելու էր տեղում՝ արձակման պահին: Վերջին տվյալներով` աշխարհում կան մահացու զենքի հետևյալ խմբաքանակները՝ ըստ երկրների. Ռուսաստան-8500, ԱՄՆ-7700, Ֆրանսիա-300, Չինաստան-250, Անգլիա-225, Հնդկաստան-110, Պակիստան-120, Իսրայել-80, Հյուսիսային Կորեա-10: Այս թվաքանակը պահելն անիմաստ է, եթե հաշվի առնենք, որ Երկիր մոլորակի կործանման համար բավարար կլինի ատոմային 50 մարտագլխիկի պայթյունը՝ անկախ պայթեցման աշխարհագրությունից: Այս թեմայով 2019 թվին ուշագրավ տեղեկություններ տվեց «Բուլավա» հրթիռային կոմպլեքսի գլխավոր կոնստրուկտոր, ակադեմիկոս Յուրի Սոլոմոնովը՝ հեռուստատեսային մի քննարկման ժամանակ: Պարզվում է` երրորդ համաշխարհային պատերազմը կարող էր սկսվել ԽՍՀՄ-ից, եթե տիեզերական զորքերի հերթապահ գնդապետը, ատոմային ռումբը գործի դնելու հրամանը ստանալուց հետո, սեղմեր հրթիռի արձակման կոճակը՝ համաձայն գործող հրահանգի: Գնդապետը ինքնակամ հետաձգել էր հրամանի կատարումը՝ մինչ ինֆորմացիայի կրկնակի հաստատումը, որը, ինչպես պարզվել էր հետագայում, առաջացել էր համակարգչային սխալի պատճառով: Եթե հերթապահող գնդապետը անմիջապես կատարեր ստացված հրամանը՝ համաձայն զինվորական կանոնադրության, ապա ատոմային պատերազմը կլիներ իրողություն՝ իր աղետալի հետևանքներիով: Նման իրադրությունն ինձ անակնկալի չբերեց, դա սպասելի էր և, ավելին, անխուսափելի էր թվում՝ հաշվի առնելով խորհրդային ռազմական տեխնիկայի մեջ օգտագործվող էլեկտրոնային սարքավորումների հուսալիության ցածր մակարդակը:
Հիմա ատոմային զենքի խնդիրները պետք է, որ ավելի օրհասական դարձած լինեն՝ հաշվի առնելով, որ ռուսական բանակում պետք է նոր խնդիրներ առաջանան կապված էլեկտրոնային պահեստամասերի մատակարարման դժվարությունների հետ նախկին էլեկտրոնային գործարանների չաշխատելու պատճառով: Մեր երկրի աղետալի վիճակը հայտնի էր խորհրդային ղեկավարությանը, բայց նրանք չգիտեին այդ աղետալի վիճակի ստեղծման բուն պատճառները: Ավելին, նրանք չգիտեին ամենակարևորը՝ ինչպե՞ս շտկել դրությունը:
Ես գիտեի, թե ինչպես է պետք շտկել դրությունը. ուղղակի պետք էր աշխատանքային օրինակ վերցնել մեր «Էլեկտրոնստանդարտ» ԳՀԻ-ի կոլեկտիվից, ապրել ու աշխատել՝ գիտակցելով պետության շահը, գնահատել պետության բարգավաճման կարևորությունը, առաջին հերթին: Իմ համբերության բաժակն էլ այստեղ լցվեց, պետք է հրաժարվել հայկական էլեկտրոնային հիմնարկների նկատմամբ ունեցածս պրոտեկցիոնիստական կողմնորոշումից ու պայքարել արդյունաբերության մեջ տեղ գտած հանցագործ խմբերի դեմ: Պաշտպանության նախարարության տարածքային ինժեներ, գնդապետ Ինոզեմցևին (նա Ստավրոպոլի ու Կրասնոդարի երկրամասերի, Հյուսիսային Կովկասի ու Անդրկովկասի հանրապետությունների ռազմական գործարաններում բանակի ներկայացուցիչների ղեկավարն էր, ում նստավայրը Աբովյանի «Սիրիուս» գործարանն էր) ու «Տրանզիստոր» ԳԱՄ-ի «военпред», փոխգնդապետ Սուխորուկովին դիմեցի հետևյալ պաշտոնական գրությամբ՝ կցելով մեր փորձագիտական եզրակացությունը. «Փորձարկման ենթարկված տրանզիստորների սիլիցիումային բյուրեղները փշրված են, այդ սարքերը չեն կարող օգտագործվել ռազմական տեխնիկայում՝ կոնստրուկտիվ ու տեխնոլոգիական սխալների պատճառով, առաքված ու գործածության մեջ դրված բոլոր տրանզիստորները պետք է հետ բերվեն արտադրող գործարան, տրանզիստորների հետագա արտադրությունը պետք է կասեցվի»:
Ինձ համար, մինչ օրս, այդպես էլ անհայտ մնաց, թե իմ նամակն ի՞նչ ազդեցություն թողեց ռազմական տեխնիկայի որակի ու հուսալիության համար պատասխանատու զինվորականների ու «Տրանզիստոր» ԳԱՄ-ի ղեկավարության վրա: Կարծում եմ` ոչ մի ազդեցություն էլ չթողեց, ենթադրում եմ, որ ռուս փոխգնդապետ Սուխորուկովն ու ռուս գնդապետ Ինոզեմցևը միասնաբար կոծկեցին ակնհայտ փաստերը՝ խուսափելով ծառայողական պարտականությունները չկատարելու համար ռազմական տրիբունալի առաջ կանգնելու ռեալ վտանգից, Արամ Վարդանյանն ու Գագիկ Մակարյանը շարունակեցին իրենց կարիերիան՝ գործարանում, հետագայում ՀՀ ԱԳՄ-ում, Աստված իրենց հետ, նրանք ևս իրենց կարևոր ներդրումն ունեցան ԽՍՀՄ փլուզման գործում՝ խոտան տրանզիստորներ մատակարարելով ՆԱՏՕ-ի երկրներում ահ ու սարսափ տարածող խորհրդային Տ-72 տանկերի համար:
Այդ տարիներին էր, որ կյանքում շատ բան տեսած ամերիկացի լրտեսն այսպիսի հաղորդագրություն էր տվել իրենց «Կենտրոնին». «Երեկ, Բեռլինինշտրասսեում ռուսական տանկը մեծ արագությամբ անցավ ու հետ թողեց իմ մեքենան, մտածեք դրա մասին»: Եթե մի օր հանդիպեի ռուսական տանկերի արագությունից վախեցած ամերիկացի լրտեսին, ապա, առաջին հերթին, կհուշեի, որ դրանցից այդքան էլ վախենալ պետք չէր, դրանք չաշխատող տանկերն են, որովհետև դրանց մեջ օգտագործվել են հայկական արտադրության անորակ տրանզիստորները: Իսկ ի՞նչ եղավ գնդապետ Ինոզեմցևը, ով «անուշադրության» մատնեց իմ տեխնիկական եզրակացությունը, ԽՍՀՄ «военпред»-ի տանկային գործարաններից հետ չկանչեց «Տրանզիստոր» ԳԱՄ-ի խոտան արտադրանքի ողջ խմբաքանակը, օրենքի պահանջներին համապատասխան արգելանք չդրեց տրանզիստորների արտադրության վրա, քրեական գործ չհարուցեց խոտան արտադրանքի առիթով՝ ունենալով նման գործողություններ կատարելու բացառիկ իրավասությունները՝ ի պաշտոնե, և ըստ զինվորական կանոնադրության: 1993 թվականին Ինոզեմցևին պատահաբար հանդիպեցի Ստավրոպոլում, Էսենտուկի առողջարանային քաղաքում տուն էր գնել։
-Այստեղ հանգիստ է, բնությունն էլ մեղմ է,- բացատրեց նա:
Իհարկե բնությունը մեղմ կլինի խորհրդային գնդապետի համար, ով, թքած ունենալով իր ծառայողական պարտականությունների ու զինվորական կանոնադրության վրա, միջոցներ ձեռք չառավ ու ընթացք չտվեց իմ տեխնիկական եզրակացությանը, չպայքարեց, որ խորհրդային ռազմական տեխնիկան ապահովված լինի էլեկտրոնային որակյալ ու հուսալի կոմպլեկտավորող սարքերով, ինչը իր ծառայողական պարտավորությունների հիմնական «մեխն» էր: Ենթադրում եմ, որ պետությանը տված վնասի, տեխնիկական բնույթի հանցագործությունը, դիվերսիան, սաբոտաժը (բնութագրեք՝ ինչպես կցանկանաք) չկանխելու ու այդպիսով «Տրանզիստորի» ղեկավարությանը մատուցած «ծառայությունների» դիմաց գնդապետ Ինոզեմցևը և փոխգնդապետ Սուխորուկովը պատկառելի կաշառք ստացան, այլ կերպ հնարավոր չէ բացատրել նրանց համատեղ անգործությունը, ավելի ճիշտ կլինի ասել, կոլեկտիվ հանցագործությունը, մի բան, որը դժվար էր պատկերացնել ռուսների մոտ, որոնք, ի տարբերություն հայերի, հանցավոր գործողությունները կատարում էին միայնակ, հաշվի առնելով, որ «խմբակային» որակման դեպքում պատիժներն անհամեմատ խիստ են լինելու:
Հիմա էլ մեր երկրում նման իրավիճակ է ձևավորվել, մեզ լսող չկա, գռփել ու շարունակում են գռփել: Օրինակ, ես պնդում եմ, որ Հայաստանի տնտեսական, քաղաքական ու սոցիալական վիճակը կարճ ժամանակահատվածում կտրուկ բարելավելու համար բավարար կլինի իրականացնել Հերունու «Արև» և Համազասպյանի «Երկրների հելիոֆիկացիայի ծրագիրը», մանավանդ որ դրանց իրականացման ֆինանսական հնարավորությունները արդեն կան՝ ի դեմս «Հայաստան» հիմնադրամում հավաքված 10 միլիոն դոլարի, որոնց զգալի մասը ուղղվելու է Արցախում ու Հայաստանի երեք մարզերում արևային տեխնիկայի զարգացմանը: Այդ գումարները կուղղվե՞ն արդյոք մեր, բուն հայկական ծագմամբ ծրագրերի իրականացման ուղղությամբ, կարծում եմ` ոչ, որովհետև արդեն հայտնի է այն «քայլող» կազմակերպությունը, որը պետք է ստանա այդ գումարներն ու ծախսի ֆոտովոլտային սարքերը ձեռք բերելու և Հայաստանում տարածելու համար՝ ի նպաստ չինական պրոֆիլային ընկերությունների ծաղկման ու բարգավաճման: Իսկ մեր ծրագրե՞րը... նրանք կսպասեն, կսպասեն այնքան ժամանակ, մինչև Հայաստանում կհաստատվի հայրենասեր ուժերի իշխանություն, առաջ կգան երկրի հոգսերով ապրող, երկրի շահը գիտակցող, հայրենանվեր մարդիկ:
«Իրատեսի» ընթերցողներին ցանկանում եմ առողջություն, համբերություն ու հավատ, որ 2020 թվականին մենք կազատվենք այս անպիտան իշխանություններից, և կունենանք մարդկանց խնդիրները լուծող, ժողովրդի հոգսերին դարման անող խորհրդարան, նոր վարչապետ ու նոր նախագահ: Աստված մեզ օգնական:
Վահան ՀԱՄԱԶԱՍՊՅԱՆ
Տեխնիկական գիտությունների դոկտոր, երկրների հելիոֆիկացիայի ծրագրի հեղինակ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ